Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

8
Ժողովուրդը թագավոր է ուզում
1Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։ 2Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։ 3Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։ 4Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։ 5Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։ 6Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։ 7Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։ 8Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։ 9Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։
10Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։ 11Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար, դնելու է իր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։ 12Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։ 13Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։ 14Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։ 15Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։ 16Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։ 17Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։ 18Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։
19Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։ 20Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։ 21Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։ 22Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում