Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

9
Սավուղը հանդիպում է Սամուելին
1Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։ 2Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։
3Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։ 4Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայց այնտեղ էլ չկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։ 5Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։ 6Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։ 7Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։ 8Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։ 9(Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։ 10Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։ 11Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։ 12Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։ 13Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։ 14Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։
15Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ 16և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։ 17Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։
18Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։ 19Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևից գնա՛ բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։ 20Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագն#9.20 Վայելչություն։ ո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։ 21Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։ 22Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։ 23Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։ 24Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։
25Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, և Սամուելը կտուրի վրա խոսեց Սավուղի հետ։ 26Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։ 27Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի (և նա առաջ անցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք