Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4
4
Ուխտի տապանակի գերեվարումը
1Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։ 2Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։ 3Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։ 4Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։ 5Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։ 6Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի, 7փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։ 8Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։ 9Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։ 10Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։ 11Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։
Հեղիի մահը
12Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ 13Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։ 14Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։ 15Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։ 16Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։ 17Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։ 18Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։
Փենեհեսի կնոջ մահը
19Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։ 20Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։ 21Եվ այդ տղայի անունը Իքաբոդ#4.21 Այսինքն՝ անպատիվ։ դրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։ 22Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018