Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

3
Աստծու խոսքը Սամուելին
1Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։ 2Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։ 3Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։ 4Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։ 5Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։ 6Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ 7Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։ 8Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ 9Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։ 10Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։ 11Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։ 12Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։ 13Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։ 14Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։
15Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։ 16Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ 17Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։ 18Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ Եվ Հեղին ասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։
19Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։ 20Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։ 21Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում