Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

2
Աննայի աղոթքը
1Աննան աղոթեց և ասաց.
«Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով,
Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը,
Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ,
Քանզի քո փրկությամբ ուրախացա։
2Տիրոջ նման սուրբ չկա,
Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա,
Եվ վեմ չկա մեր Աստծու նման։
3Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք,
Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից,
Քանզի Տերն է գիտությունների Աստվածը,
Եվ նա է կշռում գործերը։
4Կոտրվեցին զորավորների աղեղները,
Իսկ տկարները ուժ առան։
5Կուշտերը վարձկան դարձան հացի համար,
Իսկ սովածները դադարեցին սովելուց,
Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց,
Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։
6Տերն է մեռցնողը և կենդանացնողը,
Գերեզման իջեցնողը և վեր հանողը։
7Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը,
Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։
8Նա է աղքատին կանգնեցնում փոշուց
Եվ կարոտյալին բարձրացնում աղբից,
Որ իշխանների հետ նստեցնի
Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց,
Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը,
Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։
9Նա է պահում իր սրբերի ոտքերը,
Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ,
Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։
10Տիրոջ հակառակորդները կկործանվեն,
Նա երկնքից կորոտա նրանց,
Տերը կդատի երկրիս ծագերը,
Եվ ուժ կտա իր թագավորին,
Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։
11Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։
Հեղիի որդիները
12Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։ 13Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին, 14և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։ 15Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։ 16Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, և հետո սրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։ 17Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։
Սամուելը Սելովում
18Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։ 19Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։ 20Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։ 21Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։
Հեղին և իր որդիները
22Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։ 23Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։ 24Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։ 25Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։ 26Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։
27Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանը ծառա էին, 28և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։ 29Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։ 30Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։ 31Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։ 32Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։ 33Բայց քո սերնդի ամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համար պիտի մնա, իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։ 34Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։ 35Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։ 36Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. "Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ"”»։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք