Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28
28
1Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։ 2Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։
Սավուղը խորհրդակցում է վհուկի հետ
3Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։ 4Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։ 5Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։ 6Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։ 7Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։
8Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։ 9Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։ 10Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։ 11Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։
12Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։ 13Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։ 14Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։ 15Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։ 16Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։ 17Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։ 18Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։ 19Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։
20Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։ 21Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։ 22Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։ 23Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։ 24Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով. 25և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018