Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:1-44

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:1-44 ՆՎԱԱ

Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։ Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։ Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։ Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։ Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։ Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։ Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։ Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։ Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին և լուռ կանգնեցին։ Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։ Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։ Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։ Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։ Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։ Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։ Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։ Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։ Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։ Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։ Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։ Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։ Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։ Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։ Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։ Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ մի բան չդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղ է, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։ Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։ Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։ Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։ Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկից նետած քարերի պես։ Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա, այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։ Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու, օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։ Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։ Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։ Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։ Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։ Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։ Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։ Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։ Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։ Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։ Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։ Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։