Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

25
Սամուելի մահը
1Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։
Դավիթն ու Աբիգեան
2Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։ 3Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։
4Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։ 5Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։ 6Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։ 7Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։ 8Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։ 9Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին և լուռ կանգնեցին։ 10Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։ 11Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։ 12Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։ 13Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։
14Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։ 15Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։ 16Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։ 17Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։
18Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։ 19Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։ 20Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։ 21Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։ 22Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։
23Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։ 24Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։ 25Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ մի բան չդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղ#25.25 Այսինքն՝ հիմար, անզգամ։ է, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։ 26Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։ 27Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։ 28Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։ 29Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկից նետած քարերի պես։ 30Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա, 31այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։
32Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու, 33օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։ 34Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։ 35Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։
36Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։ 37Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։ 38Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։
39Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։ 40Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։ 41Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։ 42Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։
43Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։ 44Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում