Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

24
Դավիթը խնայում է Սավուղի կյանքը
1 Դավիթն այնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։ 2Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիների պատերազմից, նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։ 3Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։ 4Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։ 5Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։ 6Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ 7Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։ 8Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։
9Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։ 10Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։ 11Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։ 12Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։ 13Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ 14Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ 15Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։ 16Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։
17Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ 18Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։ 19Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։ 20Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։ 21Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։ 22Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։ 23Դավիթը երդվեց Սավուղին, և Սավուղը գնաց իր տուն, իսկ Դավիթն իր մարդկանցով գնաց ամուր տեղը։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում