Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:1-22

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:1-22 ՆՎԱԱ

Դավիթն այնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։ Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիների պատերազմից, նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։ Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։ Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։ Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։ Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։ Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։ Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։ Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։ Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։ Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։ Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։ Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։ Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։ Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։ Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում