Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

20
Հովնաթանը օգնում է Դավթին
1Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։ 2Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։ 3Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։ 4Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։ 5Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։ 6Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։ 7Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։ 8Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։ 9Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։ 10Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։ 11Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։
12Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Վկա է Իսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակ մարդ չուղարկեմ և քեզ չհայտնեմ. 13Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։ 14Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ. 15այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։ 16Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։ 17Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։ 18Եվ Հովնաթանը նրան ասաց. «Վաղը ամսագլուխ է, և քեզ պիտի փնտրեն, որովհետև քո տեղը պիտի դատարկ մնա։ 19Եվ երրորդ օրը շուտ կիջնես այն տեղը, ուր թաքնվել էիր, երբ այս դեպքերն սկսվեցին, և կնստես Եզելի քարի մոտ։ 20Եվ ես երեք նետ կարձակեմ քարի մոտ՝ նշան բռնելու նման։ 21Ահա մի տղայի կուղարկեմ, կասեմ. “Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։ 22Բայց եթե տղային այսպես ասեմ. “Ահա նետերը քեզանից այն կողմն են”, այն ժամանակ կգնաս, որովհետև Տերն է քեզ ուղարկում։ 23Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյան վկա իմ և քո միջև»։
24Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։ 25Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։ 26Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։ 27Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։ 28Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։ 29Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։ 30Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։ 31Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։ 32Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել»։ 33Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։ 34Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։
35Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։ 36Նա տղային ասաց. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ». և երբ տղան վազում էր, նա նետը նրանից այն կողմ արձակեց։ 37Երբ տղան գնաց այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը տղայի ետևից կանչեց և ասաց. «Նետը քեզանից այն կողմ է»։ 38Եվ Հովնաթանը տղայի ետևից կանչեց. «Շո՛ւտ արա, շտապի՛ր, մի՛ կանգնիր»։ Եվ Հովնաթանի տղան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։ 39Բայց տղան ոչինչ չգիտեր, միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։ 40Եվ Հովնաթանը իր զենքերը տվեց տղային ու նրան ասաց. «Գնա՛, քաղա՛ք տար»։ 41Երբ տղան գնաց, իսկ Դավիթը դուրս եկավ հարավային կողմից, երեսի վրա ընկավ գետին, երեք անգամ երկրպագություն արեց. նրանք համբուրեցին իրար ու լաց եղան իրար համար, բայց Դավիթն ավելի շատ լացեց։ 42Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերը վկա լինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։ 43Եվ Դավիթը վեր կացավ գնաց, Հովնաթանն էլ գնաց քաղաք։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք