Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-11

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-11 ՆՎԱԱ

Աննան աղոթեց և ասաց. «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով, Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը, Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ, Քանզի քո փրկությամբ ուրախացա։ Տիրոջ նման սուրբ չկա, Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա, Եվ վեմ չկա մեր Աստծու նման։ Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք, Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից, Քանզի Տերն է գիտությունների Աստվածը, Եվ նա է կշռում գործերը։ Կոտրվեցին զորավորների աղեղները, Իսկ տկարները ուժ առան։ Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։ Տերն է մեռցնողը և կենդանացնողը, Գերեզման իջեցնողը և վեր հանողը։ Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը, Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։ Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։ Նա է պահում իր սրբերի ոտքերը, Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։ Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։ Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։