Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։ Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։ Ահա ես այստեղ եմ. Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել. ասացե՛ք, և ես կվերադարձնեմ ձեզ»։ Եվ ասացին. «Մեզ չես զրկել և անիրավություն չես արել և ոչ մի մարդու ձեռքից ոչ մի բան չես վերցրել»։ Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։
Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։ Եվ հիմա կանգնե՛ք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։ Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։ Բայց նրանք մոռացան իրենց Տեր Աստծուն, և նա էլ նրանց մատնեց Հասորի զորապետ Սիսարայի ձեռքը, փղշտացիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմում էին նրանց դեմ։ Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։ Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովության մեջ։ Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։ Եվ հիմա ահա այն թագավորը, որին ընտրեցիք և ուզեցիք. և ահա Տերը թագավոր դրեց ձեզ վրա։ Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։ Բայց եթե չհնազանդվեք նրա ձայնին և դեմ կանգնեք Տիրոջ հրամանին, այն ժամանակ Տիրոջ ձեռքը պիտի ծանրանա ձեզ վրա, ինչպես որ ձեր հայրերի վրա։ Եվ հիմա կանգնե՛ք և տեսե՛ք այն մեծ բանը, որ Տերը պիտի անի ձեր աչքերի առաջ։ Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։
Այն ժամանակ Սամուելն աղաղակեց Տիրոջը, և Տերը նույն օրը որոտ ու անձրև տվեց, և ամբողջ ժողովուրդը խիստ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։ Եվ ամբողջ ժողովուրդը Սամուելին ասաց. «Քո Տեր Աստծուն աղո՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեր բոլոր մեղքերի վրա այս չարիքն էլ ավելացրինք, որ թագավոր ուզեցինք մեզ համար»։ Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։ Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։ Իսկ Տերը իր մեծ անվան համար չի լքի իր ժողովրդին, քանզի Տերն է ուզել, որ ձեզ դարձնի իր ժողովուրդը։ Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։ Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։ Իսկ եթե շարունակեք չարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։