Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

11
Սավուղը հաղթում է ամմոնացիներին
1Ամմոնացի Նաասը գնաց դեպի վեր և բանակ դրեց Գաղաադի Հաբիսի դիմաց. և Հաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք քեզ կծառայենք»։ 2Բայց ամմոնացի Նաասը նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ ձեր բոլորի աջ աչքը հանեմ և դրանով նախատինք դնեմ ամբողջ Իսրայելի վրա»։ 3Եվ Հաբիսի ծերերը նրան ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ ազատող չլինի, այն ժամանակ մենք կհանձնվենք քեզ»։
4Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ 5Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։ 6Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։ 7Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։ 8Եվ Սավուղը նրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։ 9Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։ 10Հաբիսի բնակիչներն ասացին ամմոնացիներին. «Վաղը կհանձնվենք ձեզ, և ինչ հաճելի է ձեզ, այն էլ արե՛ք մեզ հետ»։ 11Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։
12Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Ո՞վ էր ասում, թե Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի. այդ մարդկանց մե՛զ տվեք, որ մեռցնենք»։ 13Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։ 14Եվ Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա և այնտեղ վերահաստատենք թագավորությունը»։ 15Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք