Ա Պետրոս 4

4
Փրկված կյանքեր
1Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, 2որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։ 3Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ 4Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են. 5նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։ 6Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։
Աստծու շնորհների բարի տնտեսները
7Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ 8Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ 9Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ 10Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ 11Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Չարչարվել իբրև քրիստոնյա
12Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ 13Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։ 14Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։ 15Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ 16Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։ 17Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։
18 Եվ եթե արդարն է հազիվ փրկվում,
ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի (Առկ. 11.31)։
19Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։

Արդեն Ընտրված.

Ա Պետրոս 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք