Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9
9
Աստված կրկին երևում է Սողոմոնին
(Բ Մն. 7.11-22)
1Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը, 2այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում, 3և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։ 4Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզ և պահես իմ կանոններն ու իրավունքները, 5այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։ 6Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց, 7այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։ 8Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։ 9Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։
Սողոմոնի համաձայնությունը Քիրամի հետ
(Բ Մն. 8.1-2)
10Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը, 11և Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին ընծայել էր եղևնափայտ, մայրու փայտ ու ոսկի և այն ամենը, ինչ փափագել էր նա, այն ժամանակ Սողոմոն թագավորը դրանց փոխարեն Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայի երկրում։ 12Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։ 13Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբող#9.13 Այսինքն՝ անհաճո։ երկիր, ինչպես կոչվում են մինչև այսօր։ 14Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։
Սողոմոնի մյուս նվաճումները
(Բ Մն. 8.3-18)
15Այս էր Սողոմոն թագավորի դրած հարկի պատճառը, որ շիներ Տիրոջ տունը և իր պալատը, Մելոնն ու Երուսաղեմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը և Գազերը։ 16Եգիպտոսի փարավոն թագավորը գնացել ու վերցրել էր Գազերը, կրակով այրել այն և սպանել այդ քաղաքում բնակվող քանանացիներին և այն իբրև օժիտ տվել իր աղջկան, որը Սողոմոնի կինն էր։ 17Եվ Սողոմոնը շինեց Գազերը և ներքին Բեթորոնը, 18նաև Բաաղեթը և Թադմորը Հուդայի անապատի մեջ, 19Սողոմոնի բոլոր շտեմարան քաղաքները, կառքերի քաղաքները, ձիավորների քաղաքները և այն բոլոր կառույցները, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր թագավորության ամբողջ երկրում։
20Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին, 21այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։ 22Սակայն Սողոմոնը Իսրայելի որդիներին ստրուկ չդարձրեց, որովհետև նրանք պատերազմի մարդիկ էին. իր իշխաններն իր զորավարներն էին լինում և իր կառքերի ու ձիավորների վերակացուները։ 23Սրանք էին Սողոմոնի գործերի վրա եղած վերակացուների գլխավորները՝ հինգ հարյուր հիսուն մարդ, որոնք կառավարում էին աշխատանքները կատարող ժողովրդին։
24Եվ փարավոնի աղջիկը ելավ Դավթի քաղաքից ու գնաց այն տունը, որ Սողոմոնը շինել էր նրա համար. ապա կառուցեց Մելոնը։
25Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։
26Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։ 27Եվ Քիրամն իր ծառաներին, որ նավավարներ էին և հմուտ ծովայիններ, նավով ուղարկեց Սողոմոնի մարդկանց հետ։ 28Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի#9.28 16 տոննա։ և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։
Արդեն Ընտրված.
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018