Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։ Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։ Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր, տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից, որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։ Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։ Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։ Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։ Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։ Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։ Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։ Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։ Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։ Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։ Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստության համբավը։
Կարդալ Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:20-34
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր