Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:5-15

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:5-15 ՆՎԱԱ

Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։ Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։ Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։ Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։ Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։ Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։ Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։ Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը»։ Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։