Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:2-28

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:2-28 ՆՎԱԱ

Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։ Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։ Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։ Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։ Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։ Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։ Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։ Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։ Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։ Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։ Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը»։ Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։ Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։ Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը, որդի ծնեցի։ Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։ Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։ Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։ Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։ Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվ այսպես խոսում էին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։ Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛ր արեք այս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։ Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։ Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։