Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:16-28

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:16-28 ՆՎԱԱ

Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։ Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը, որդի ծնեցի։ Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։ Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։ Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։ Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։ Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվ այսպես խոսում էին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։ Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛ր արեք այս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։ Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։ Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում