Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1-9

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1-9 ՆՎԱԱ

Եվ Սողոմոնը խնամիացավ Եգիպտոսի թագավոր փարավոնի հետ և կին առավ փարավոնի աղջկան ու նրան բերեց Դավթի քաղաք՝ դեռևս չվերջացրած իր պալատի և Տիրոջ տան ու Երուսաղեմի շրջապարսպի շինարարությունը։ Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։ Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։ Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։ Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։ Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։ Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։ Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։ Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։