Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10-46

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10-46 ՆՎԱԱ

Եվ Դավիթը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում թագավորել էր երեսուներեք տարի։ Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։ Եվ Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի մոտ, և Բերսաբեն ասաց. «Բարի՞ է գալուստդ»։ Նա էլ ասաց. «Բարի է»։ Եվ ասաց. «Ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Եվ Բերսաբեն ասաց՝ ասա՛։ Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։ Եվ հիմա ես քեզնից միայն մի խնդրանք ունեմ. ինձ չմերժես»։ Եվ Բերսաբեն ասաց նրան՝ ասա՛։ Եվ նա ասաց. «Սողոմոն թագավորին ասա՛, քանի որ քեզ չի մերժի, որ նա սունամացի Աբիսակին ինձ կնության տա»։ Եվ Բերսաբեն ասաց. «Լավ, ես քո մասին կխոսեմ թագավորի հետ»։ Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։ Եվ Բերսաբեն ասաց. «Ես մի փոքր խնդրանք ունեմ քեզնից. ինձ չմերժես»։ Եվ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ Եվ Բերսաբեն էլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը կնության տրվի քո եղբայր Ադոնիային»։ Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։ Եվ Սողոմոն թագավորը երդվեց Տիրոջ անունով. «Թող Աստված ինձ այսպես անի ու էլ ավելին անի, եթե Ադոնիայի խոսքն իր իսկ կյանքի դեմ չէ։ Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։ Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։ Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։ Եվ Սողոմոնն Աբիաթարին հեռացրեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Հեղիի տան մասին ասել էր Սելովում։ Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոն թագավորին իմաց տվին, թե Հովաբը փախել է Տիրոջ վրանը, և ահա նա զոհասեղանի մոտ է։ Եվ Սողոմոնը Հովիադայի որդի Բանեային ուղարկեց՝ ասելով. «Գնա՛, սպանի՛ր նրան»։ Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։ Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։ Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։ Թող նրանց արյունը Հովաբի գլխին գա և հավիտյան՝ նրա սերնդի գլխին, իսկ Տերը հավիտյան խաղաղություն տա Դավթին ու նրա սերնդին, նրա տանն ու աթոռին»։ Եվ Հովիադայի որդի Բանեան գնաց, խփեց ու սպանեց նրան, և նա թաղվեց իր տանը՝ անապատում։ Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։ Թագավորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում և բնակվի՛ր այնտեղ ու այնտեղից այս կամ այն կողմ դուրս մի՛ ելիր։ Այն օրը, որ դուրս եկար ու անցար Կեդրոնի հեղեղատը, հաստատ իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես, և քո արյունը քո գլխին գա»։ Եվ Սեմեին ասաց թագավորին. «Բարի է այդ խոսքը, որ ասացիր. ինչպես ասաց իմ տեր թագավորը, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Սեմեին երկար ժամանակ բնակվեց Երուսաղեմում։ Բայց երեք տարի անց այնպես եղավ, որ Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի թագավոր Մաաքայի որդի Անքուսի մոտ, և Սեմեիին հայտնեցին, թե՝ «Ահա քո ծառաները Գեթում են»։ Եվ Սեմեին վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։ Եվ Սողոմոնին հայտնեցին, թե Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձել։ Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ Հապա ինչո՞ւ չպահեցիր Տիրոջ երդումը և այն պատվերը, որ ես քեզ պատվիրեցի»։ Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։ Օրհնյա՜լ է Սողոմոն թագավորը, և հավիտյան հաստատ է Դավթի աթոռը Տիրոջ առաջ»։ Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում