Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-9

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-9 ՆՎԱԱ

Դավթի մեռնելու օրերը մոտեցան, և նա պատվիրեց իր որդի Սողոմոնին՝ ասելով. «Ես գնում եմ ամբողջ երկրի ճանապարհը, բայց դու զորացի՛ր և քաջարի՛ եղիր։ Եվ պահի՛ր քո Տեր Աստծու պատվերները, որ գնաս նրա ճանապարհով, որ պահես նրա կանոնները, պատվիրանները, իրավունքներն ու ցուցումները, ինչպես գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողություն ունենաս ամեն բանում, ինչ որ անես, և ամենուր, որտեղ էլ լինես։ Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։ Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։ Եվ դու ըստ քո իմաստությա՛ն վարվիր և չթողնես, որ նրա ալևոր մազերը խաղաղ իջնեն գերեզման։ Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։ Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։ Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում