Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:8-16

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:8-16 ՆՎԱԱ

Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։ Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։ Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառ էլ հա՛ց բեր»։ Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։ Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։ Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։ Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։ Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։