Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17
17
Եղիա մարգարեն և երաշտը
1Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։
2Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. 3«Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ 4Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։ 5Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ 6Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։ 7Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։
Եղիան և որբևայրին Սարեփթայում
8Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. 9«Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։ 10Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։ 11Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառ էլ հա՛ց բեր»։ 12Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։ 13Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։ 14Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։ 15Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։ 16Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։
17Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։ 18Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։ 19Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։ 20Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։ 21Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։ 22Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ 23Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ 24Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։
Արդեն Ընտրված.
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018