Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14
14
Հերոբովամի որդու մահը
1Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։ 2Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։ 3Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։ 4Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։
5Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։ 6Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. «Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու. 7գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա, 8թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։ 9Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։ 10Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։ 11Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։ 12Եվ դու վե՛ր կաց, գնա՛ քո տուն. քո ոտքը քաղաք մտնելիս երեխան պիտի մեռնի։ 13Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։ 14Եվ Տերն իր համար Իսրայելի վրա մի թագավոր վեր կհանի, որ նույն օրը կբնաջնջի Հերոբովամի տունը ու նաև այն, ինչ որ կա հիմա։ 15Եվ Տերն Իսրայելին այնպես պիտի հարվածի, ինչպես եղեգն է շարժվում ջրերի մեջ, և Իսրայելից պիտի խլի այս բարի երկիրը, որ տվել է իրենց հայրերին, և պիտի ցրի նրանց Գետի մյուս կողմում, որովհետև Տիրոջը բարկացնելով՝ կուռքի աստարովթներ#14.15 Նվիրական սյուներ էին՝ նվիրված արգասաբերության չաստվածուհի Աշերային։ Այնքան շատ էին, որ անտառ էին դարձել։ շինեցին իրենց համար։ 16Եվ պիտի կորստյան մատնի Իսրայելին այն մեղքերի համար, որ գործեց Հերոբովամը և որոնցով մեղանչել տվեց Իսրայելին»։
17Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։ 18Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
Հերոբովամի մահը
19Հերոբովամի մնացած գործերի՝ թե՛ պատերազմելու և թե՛ թագավորելու մասին ահա գրված են Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 20Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Ռոբովամ թագավորը
(Բ Մն. 11.5–12.15)
21Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։ 22Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։ 23Նրանք էլ իրենց համար Բարձր տեղեր ու սյուներ և աստարովթներ շինեցին բոլոր բարձր բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ 24Եվ իգացողներ էլ կային այդ երկրում և ամեն տեսակ գարշելի բաներ էին անում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։
25Եվ Ռոբովամ թագավորի հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա։ 26Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։ 27Եվ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե վահաններ շինեց և հանձնեց պահապանների գլխավորներին, որոնք պահպանում էին թագավորի պալատի մուտքը։ 28Երբ թագավորը գնում էր Տիրոջ տուն, սուրհանդակները տանում էին դրանք և ետ էին բերում սուրհանդակների խուցը։
29Ռոբովամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 30Ռոբովամի և Հերոբովամի միջև միշտ պատերազմ կար։ 31Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամ#14.31 Կամ Աբիա։ որդին։
Արդեն Ընտրված.
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018