Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

13
1Ահա Աստծու մի մարդ Տիրոջ խոսքով Հուդայից եկավ Բեթել, իսկ Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ՝ զոհ մատուցելու համար։ 2Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։ 3Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։
4Եվ երբ թագավորը լսեց Աստծու մարդու այն խոսքը, որ կանչել էր Բեթելում եղած զոհասեղանի դեմ, այդ ժամանակ Հերոբովամն իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցե՛ք դրան». սակայն նրա ձեռքը չորացավ, որ մեկնել էր զոհասեղանի վրայից, և չկարողացավ այն ետ քաշել դեպի իրեն։ 5Եվ զոհասեղանը ճեղքվեց, ու մոխիրը թափվեց զոհասեղանից՝ որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծու մարդուն։ 6Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։ 7Եվ թագավորն ասաց Աստծու մարդուն. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, և ես պարգևներ կտամ քեզ»։ 8Բայց Աստծու մարդն ասաց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի, 9որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. “Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր”»։ 10Եվ նա գնաց ուրիշ ճանապարհով և չվերադարձավ այն ճանապարհով, որով գնացել էր Բեթել։
Բեթելի ծեր մարգարեն
11Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում, և այն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։ 12Եվ նրանց հայրն ասաց. «Ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։ 13Եվ նա ասաց իր որդիներին. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և էշը համետեցին նրա համար, և նա հեծնեց այն։ 14Եվ գնաց Աստծու մարդու ետևից և նրան գտավ մի բևեկնու տակ նստած ու ասաց նրան. «Դո՞ւ ես Աստծու այն մարդը, որ եկել ես Հուդայից». և նա ասաց՝ ես եմ։ 15Եվ նրան ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։ 16Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ, 17որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել. “Այնտեղ հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով դու գնացիր”»։ 18Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։
19Եվ նա ետ դարձավ նրա հետ, հաց կերավ նրա տանը և ջուր խմեց։ 20Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։ 21Նա կանչեց Հուդայից եկած Աստծու մարդուն և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու անհնազանդ եղար Տիրոջ խոսքին և չպահեցիր քո Տեր Աստծու քեզ պատվիրած պատվիրանը 22և ետ դարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղում, որի մասին քեզ ասաց. "Հաց չուտես և ջուր չխմես", դրա համար էլ քո դիակը չի մտնելու քո հայրերի գերեզմանը”»։
23Եվ երբ հաց էր կերել և ջուր խմել, նա պատրաստեց էշը իր ետ դարձրած մարգարեի համար։ 24Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։ 25Եվ ահա ճանապարհով անցնողներ կային, որոնք տեսան, որ դիակն ընկած է ճանապարհին, և առյուծը կանգնած է դիակի մոտ, և եկան ու պատմեցին այն քաղաքում, որտեղ բնակվում էր ծեր մարգարեն, և ասացին նրան։ 26Եվ երբ այս բանը լսեց նրան իր ճանապարհից ետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու այն մարդն է, որն անհնազանդ եղավ Տիրոջ խոսքին, և Տերը նրան մատնել է առյուծին, որը նրան պատառոտել է և մեռցրել, ինչպես Տերն ասել էր նրան»։ 27Եվ խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և նրանք համետեցին էշը։ 28Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։ 29Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։ 30Նրա դիակը դրեց իր գերեզմանում, և սուգ արեցին նրա վրա. «Վա՜յ, եղբա՛յր իմ»։ 31Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Երբ ես մեռնեմ, ինձ թաղե՛ք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը. իմ ոսկորները դրե՛ք նրա ոսկորների կողքին, 32որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։
Հերոբովամի ճակատագրական մեղքը
33Այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։ 34Եվ այս բանը պատճառ եղավ Հերոբովամի տան մեղք գործելու համար, որ այն կորչի և բնաջինջ լինի երկրի երեսից։

Արդեն Ընտրված.

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք