Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

12
Հյուսիսային ցեղերի ապստամբությունը
(Բ Մն. 10.1-19)
1Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։ 2Եվ երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը փախել էր Սողոմոն թագավորից և տակավին Եգիպտոսում էր (Հերոբովամը մնում էր Եգիպտոսում), 3մարդ ուղարկեցին և նրան կանչեցին. և եկան Հերոբովամն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, խոսեցին Ռոբովամի հետ և ասացին. 4«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը. բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դրած խիստ ծառայությունը և նրա մեզ վրա դրած ծանր լուծը, և այն ժամանակ քեզ ծառայություն կանենք»։ 5Եվ նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից հետո դարձյալ եկե՛ք ինձ մոտ». և ժողովուրդը գնաց։
6Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ 7Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։ 8Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։ 9Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։ 10Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։ 11Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։
12Եվ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես խոսել էր թագավորը և ասել. «Երրորդ օրը դարձյալ ինձ մո՛տ եկեք»։ 13Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։ 14Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ 15Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։ 16Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րը գնա, ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։ 17Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։ 18Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։ 19Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։
20Եվ երբ ամբողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը ետ է եկել, այն ժամանակ մարդ ուղարկեցին ու նրան ժողովի կանչեցին և նրան թագավոր դարձրին ամբողջ Իսրայելի վրա, իսկ Դավթի տանը ուրիշ հետևող չկար, բացի մեկից՝ Հուդայի ցեղից։ 21Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։
Սեմայիայի մարգարեությունը
(Բ Մն. 11.1-4)
22Եվ Աստված խոսեց Աստծու մարդ Սեմայիայի հետ և ասաց. 23«Ասա՛ Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամին և ամբողջ Հուդայի ու Բենիամինի տանը և մնացած ժողովրդին. 24“Այսպես է ասում Տերը. "Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել"”»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։
Հերոբովամը հեռանում է Աստծուց
25Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։ 26Եվ Հերոբովամն ասաց իր սրտում. «Հիմա թագավորությունը պիտի վերադառնա Դավթի տուն։ 27Եթե այս ժողովուրդը ելնի Երուսաղեմ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը կդառնա դեպի իրենց տերը՝ Հուդայի թագավոր Ռոբովամը, ինձ կսպանեն և ետ կդառնան դեպի Ռոբովամ թագավորը»։ 28Եվ թագավորը խորհուրդ արեց և ոսկե երկու հորթ շինեց ու ասաց ժողովրդին. «Բավական է դուք Երուսաղեմ գնաք. ահա քո աստվածները, ո՛վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»։ 29Եվ մեկը դրեց Բեթելում, իսկ մյուսը դրեց Դանում։ 30Եվ սա մեղքի պատճառ դարձավ, և ժողովուրդը մեկի առաջ գնալու համար հասնում էր մինչև Դան։ 31Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։
Պաշտամունքը դատապարտվում է Բեթելում
32Եվ Հերոբովամը տոն կատարեց ութերորդ ամսի տասնհինգին՝ Հուդայում հաստատված տոնի նման, և բարձրացավ զոհասեղանին. այսպես էլ արեց Բեթելում, որ զոհ մատուցեր իր շինած ոսկե հորթերին. և Բեթելում դրեց իր շինած Բարձր տեղերի քահանաներին։ 33Եվ Բեթելում իր շինած զոհասեղանի վրա բարձրացավ իր մտքի հնարած ամսի, այսինքն՝ ութերորդ ամսի տասնհինգին և տոն սահմանեց այդ օրը Իսրայելի որդիների համար, բարձրացավ զոհասեղանի վրա՝ զոհ մատուցելու համար։

Արդեն Ընտրված.

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք