Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1
1
Դավիթը ծերության մեջ
1Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։ 2Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։ 3Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։ 4Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։
Ադոնիան ուզում է թագավորել
5Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ, որոնք գնում էին իր առջևից։ 6Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։ 7Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։ 8Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։ 9Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։ 10Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։
Սողոմոնը դառնում է թագավոր
11Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։ 12Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։ 13Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝ "Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին"։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան դարձել թագավոր”։ 14Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։
15Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։ 16Եվ Բերսաբեն, գլուխ տալով, երկրպագեց թագավորին. և թագավորն ասաց. «Ի՞նչ կա»։ 17Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։ 18Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։ 19Նա շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային և զորքի հրամանատար Հովաբին, բայց քո ծառա Սողոմոնին չի կանչել։ 20Արդ, տե՛ր իմ թագավոր, ամբողջ Իսրայելի աչքերը նայում են քեզ, որ նրանց հայտնես, թե քեզնից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին։ 21Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։
22Եվ մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն։ 23Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարեն եկավ»։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։ 24Եվ Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել. “Ադոնիան պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”, 25որովհետև նա այսօր իջել ու շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին և զորավորներին, Աբիաթար քահանային, ու հիմա նրանք ուտում ու խմում են նրա հետ և ասում. “Կեցցե՜ Ադոնիա արքան”։ 26Իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային ու Հովիադայի որդի Բանեային և քո ծառա Սողոմոնին չեն կանչել։ 27Արդյոք այս բանն իմ տեր թագավորի կամքո՞վ է եղել. բայց դու քո ծառային չես հայտնել, թե ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին իրենից հետո»։
28Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։ 29Թագավորը երդվեց և ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ կյանքն ազատեց ամեն նեղությունից։ 30Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։ 31Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։
32Եվ Դավիթ թագավորն ասաց. «Կանչե՛ք ինձ մոտ Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային». և նրանք եկան թագավորի առաջ։ 33Եվ թագավորն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին նստեցրե՛ք իմ ջորու վրա և նրան իջեցրե՛ք Գեհոն։ 34Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ 35Նրա հետևից գնացե՛ք, և նա թող գա ու նստի իմ աթոռին և իմ փոխարեն թագավոր լինի, որովհետև ես որոշել եմ, որ նա իշխան լինի Իսրայելի և Հուդայի վրա»։ 36Եվ Հովիադայի որդի Բանեան պատասխանեց թագավորին և ասաց. «Ամեն, թող այդպես տնօրինի իմ տեր թագավորի Տեր Աստվածը։ 37Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։ 38Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։ 39Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։ 40Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։
41Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։ 42Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։ 43Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։ 44Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։ 45Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։ 46Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։ 47Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։ 48Ու նաև այսպես ասաց թագավորը. “Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր իմ աթոռին նստեցրեց մեկին, որին տեսնում են իմ աչքերը”»։ 49Եվ Ադոնիայի բոլոր հրավիրյալները զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մարդ գնաց իր ճանապարհով։
50Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ 51Եվ Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից, և նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից ու ասում է. “Թող հենց այսօր Սողոմոն թագավորը երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։ 52Եվ Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի»։ 53Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։
Արդեն Ընտրված.
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018