Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։ Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։ Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։ Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։ Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում, Բաղայում, Ասեմում, Թուղադում, Բաթուելում, Հորմայում, Սիկելակում, Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։ Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք, և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։
Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան. Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու. Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա. Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։ Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։ Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։ Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։ Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։ Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։ Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։