Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

14
Դավթի գործունեությունը Երուսաղեմում
(Բ Թագ. 5.11-16)
1Տյուրոսի Քիրամ թագավորը Դավթի մոտ ուղարկեց պատգամաբերներ, եղևնափայտ, որմնադիրներ և հյուսներ, որպեսզի նրա համար տուն կառուցեն։ 2Դավիթը հասկացավ, որ Տերն իրեն թագավոր հաստատեց Իսրայելի վրա, որովհետև նրա թագավորությունը բարձրացվեց Իսրայելի ժողովրդի համար։
3Դավիթն ուրիշ կանայք էլ առավ Երուսաղեմում, որոնցից ևս ունեցավ տղաներ և աղջիկներ։ 4Սրանք են Երուսաղեմում նրա համար ծնված տղաների անունները՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, 5Հեբաար, Եղիսուա, Եղիփաղետ, 6Նոգա, Նափեկ, Հափիե, 7Եղիսամա, Բաղիադա և Եղիփաղետ։
Հաղթանակ փղշտացիների դեմ
(Բ Թագ. 5.17-25)
8Երբ փղշտացիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացիները ելան Դավթին որոնելու։ Դավիթն այդ լսեց և դուրս եկավ նրանց դիմաց։ 9Փղշտացիները եկան և ասպատակեցին Ռափայինների հովտում։ 10Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։ 11Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։ 12Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։
13Փղշտացիները կրկին եկան և ասպատակեցին հովտում։ 14Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց ետևից, շեղվի՛ր նրանցից և նրանց վրա գնա՛ թթենիների կողմից։ 15Երբ թթենիների գագաթից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ դո՛ւրս եկ պատերազմի, որովհետև Աստված պիտի դուրս գա քո առջևից՝ հարվածելու համար փղշտացիների բանակին»։ 16Դավիթն արեց այնպես, ինչպես որ Տերը հրամայեց իրեն, և նրանք կոտորեցին փղշտացիների բանակը Գաբավոնից մինչև Գազեր։ 17Դավթի համբավը տարածվեց բոլոր երկրներում, և Տերը նրա վախը տարածեց բոլոր ազգերի վրա։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք