YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4

4
Սամարացի կինը
1Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը 2(թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները), 3թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ։ 4Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ 5Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ 6Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։#4.6 Կեսօրվա մոտ։
7Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ». 8քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ 9Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ 10Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ 11Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։ 12Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։ 13Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ 15Կինը նրան ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։
16Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի»։ 17Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ "Ամուսին չունեմ", 18որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ 19Կինը նրան ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ 20Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ 21Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ 22Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է։ 23Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ 24Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ 25Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ 26Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։
27Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։ 28Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. 29«Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ 30Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։
31Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։ 32Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ 33Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելի՞ք է բերել»։ 34Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։ 35Արդյոք դո՞ւք չեք ասում. "Չորս ամիս ևս, և հունձը կհասնի"։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը ու տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ 36Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։ 37Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։ 38Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։
39Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի»։ 40Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց։ 41Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան։ 42Եվ կնոջն ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի՛ համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը»։
Բարձրաստիճան պաշտոնյայի որդու բժշկումը
43Եվ երկու օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա, 44թեև Հիսուսն ինքը վկայել էր. «Մարգարեն իր հայրենիքում պատիվ չունի»։ 45Բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք տեսել էին այն ամենը, ինչ արել էր Զատկի տոնին Երուսաղեմում, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։
46Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնաումում հիվանդ էր։ 47Նա, լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։ 48Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ 49Պաշտոնյան նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մեռել»։ 50Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ 51Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ 52Իսկ նա հարցրեց նրանց, թե ո՛ր ժամին սկսեց ապաքինվել։ Եվ նրան ասացին. «Երեկ յոթերորդ ժամին#4.52 Ցերեկվա ժամը մեկին։ տենդը նրան թողեց»։ 53Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ 54Սա երկրորդ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։

Tõsta esile

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in