ՀՈՎՀԱՆՆԵՍ 5
5
Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
1Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ 2Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։ 3Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, 4որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր]#5.3-4 Փակագծերի միջի հատվածը հն. ձեռ. չունեն։։ 5Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։ 6Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ 7Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ 8Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։ 9Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։
Եվ այդ օրը շաբաթ էր։ 10Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։ 11Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ 12Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ 13Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։ 14Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։ 15Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։
16Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։ 17Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։ 18Դրա համար հրեաներն է՛լ ավելի էին ուզում նրան սպանել, որովհետև ոչ միայն շաբաթ օրվա կանոնն էր խախտում, այլև Աստծուն էլ իրեն Հայր էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Մարդու Որդու իշխանությունը
19Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։ 20Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։ 21Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։ 22Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել, 23որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։ 26Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ 27Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։ 28Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ 29Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։
30Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ես իմ կամքը չեմկատարում, այլ ինձ ուղարկողի#5.30 Ոմանք ավելացնում են Հոր բառը (այսինքն՝ «ուղարկող Հոր»)։ կամքը։
Վկայություն Հիսուսի մասին
31Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ 32Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ 33Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։ 34Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ 35Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, և դուք ցանկացաք միառժամանակ նրա լույսով ուրախանալ։
36Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ 37Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ո՛չ նրա ձայնը երբևէ լսեցիք, ո՛չ նրա կերպարանքը տեսաք։ 38Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ 39Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։ 40Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։
41Ես մարդկանցից փառք չեմ ուզում։ 42Բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծու սերը չունեք։ 43Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ 44Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։ 45Մի՛ կարծեք, թե ես Հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, և դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։ 46Որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել։ 47Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։
Currently Selected:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5: ՆՎԱԱ
Tõsta esile
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018