YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 8

8
Բարեպաշտ կանայք
1Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը։ Եվ նրա հետ էին տասներկուսը 2և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթ դև էր դուրս եկել, 3Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք ծառայում էին նրանց, իրենց ունեցվածքից մաս հանեցին նրանց։
Սերմնացանի առակը
(Մտթ. 13.1-9, Մրկ. 4.1-9)
4Երբ բազմաթիվ քաղաքներից շատ ժողովուրդ հավաքվեց, առակով ասաց նրանց. 5«Մի սերմնացան ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզրին, ոտնակոխ եղավ, և երկնքի թռչուններն այն կերան։ 6Ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա. երբ ծլեց, չորացավ խոնավություն չլինելու պատճառով։ 7Ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, և փշերը, նրա հետ բուսնելով, խեղդեցին այն։ 8Եվ ուրիշ մի մաս ընկավ լավ ու պարարտ հողի վրա և բուսնելով հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Երբ այս խոսեց, ասաց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Սերմնացանի առակի մեկնությունը
(Մտթ. 13.18-23, Մրկ. 4.10-20)
9Աշակերտները նրան հարցնում էին, թե այդ առակն ի՛նչ է նշանակում։ 10Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի
նայեն, բայց չտեսնեն,
լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
11Իսկ առակն այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ 12Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։ 13Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։ 14Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։ 15Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Ճրագի առակը
(Մրկ. 4.21-25)
16«Ոչ ոք ճրագ չի վառի և անոթով չի ծածկի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն։ 17Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։ 18Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մտթ. 12.46-50, Մրկ. 3.31-35)
19Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ 20Իմաց տվեցին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։ 21Եվ նրանց պատասխանեց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մտթ. 8.23-27, Մրկ. 4.35-41)
22Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։ 23Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։ 24Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։ 25Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։
Գերգեսացի դիվահարը
(Մտթ. 8.28-34, Մրկ. 5.1-20)
26Ապա նավարկեցին և իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է։ 27Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։ 28Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։ 30Հիսուսը հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ 31Աղաչում էին Հիսուսին, որ իրենց անդունդներ գնալու հրաման չտա։ 32Այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ։ Թույլատրեց նրանց, 33և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից ընկավ լիճն ու խեղդվեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։ 36Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թե ինչպես փրկվեց դիվահարը։ 37Եվ գերգեսացիների երկրի տարածքում գտնվող ողջ բնակչությունն աղաչում էր Հիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստեց ու վերադարձավ։ 38Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղաչում էր Հիսուսին, որ նրա հետ շրջի։ Բայց Հիսուսն արձակեց նրան և ասաց. 39«Վերադարձի՛ր քո տունը և պատմի՛ր, ինչ որ Աստված արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք և ամբողջ քաղաքով մեկ տարածում էր այն, ինչ Հիսուսն արեց իրեն։
Հայրոսի աղջկա հարությունը և տեռատես կնոջ բժշկումը
(Մտթ. 9.18-26, Մրկ. 5.21-43)
40Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան էին սպասում։ 41Եվ ահա եկավ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովրդապետ էր և որը, Հիսուսի ոտքերն ընկնելով, աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։
Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու, 44հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։ 45Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։ 46Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։ 47Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկավ, ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ի՛նչ բանի համար դիպավ նրան և թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ 48Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
49Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի՛ պատճառիր վարդապետին»։ 50Իսկ երբ Հիսուսը լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։ 51Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ 52Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։ 53Նրանք էլ ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած է։ 54Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55Նրա հոգին վերադարձավ, և մանուկն իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56Մանկան ծնողները մնացին ապշած։ Նա պատվիրեց ոչ ոքի չասել, ինչ որ եղել էր։

Currently Selected:

ՂՈՒԿԱՍ 8: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in