YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 9

9
Տասներկուսի առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Մրկ. 6.7-13)
1Կանչելով տասներկու առաքյալներին՝ նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները։ 2Եվ ուղարկեց նրանց քարոզելու Աստծու արքայությունը և բժշկելու ախտերով վարակվածներին։ 3Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։ 4Որ տունը մտնեք, այնտե՛ղ գիշերեք և ապա այնտեղից գնացե՛ք։ 5Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ՝ ձեր ոտքերի փոշին թոթափե՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք»։ 6Եվ նրանք ելան ու շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։
Հերովդեսը և Հիսուսը
(Մտթ. 14.1-12, Մրկ. 6.14-29)
7Հերովդես չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը և զարմանում էր, որ ոմանք ասում էին, 8թե՝ «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», ոմանք թե՝ «Եղիան հայտնվեց», և ուրիշներ էլ թե՝ «Նախկին մարգարեներից մեկը հարություն է առել»։ 9Հերովդեսը, սակայն, ասաց. «Հովհաննեսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Հովհ. 6.1-14)
10Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։ 11Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից. ընդունելով նրանց՝ խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։
12Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։ 14Որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրե՛ք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։ 15Այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ 16Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամենքը կերան և հագեցան, տասներկու սակառ էլ կտորտանք հավաքեցին։
Ո՞վ է Հիսուսը
(Մտթ. 16.13-20, Մրկ. 8.27-29)
18Երբ նա առանձին աղոթքի էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները։ Նրանց հարցրեց և ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։ 19Նրանք պատասխանելով ասացին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք, թե՝ Եղիան, իսկ ուրիշները, թե՝ նախնիներից մի մարգարե հարություն է առել»։ 20Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ 21Նա սաստեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ։
Հիսուսն իր մահվան և հարության մասին
(Մտթ. 16.21-28, Մրկ. 8.31–9.1)
22Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։
23Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ 24Որովհետև ով կամենա իր կյանքը փրկել, այն կկորցնի, իսկ ով իր կյանքն ինձ համար կորցնի, այն կփրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի. 26որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, Մարդու Որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։
27Բայց, արդարև, ասում եմ ձեզ, թե այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը»։
Հիսուսի պայծառակերպությունը
(Մտթ. 17.1-13, Մրկ. 9.2-13)
28Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։ 29Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա հագուստը փոխվեց և փայլուն-սպիտակ դարձավ։ 30Եվ ահա երկու մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին, 31որոնք փառքով երևալով՝ խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։ 32Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք կանգնած էին նրա մոտ։ 33Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։ 34Եվ մինչ այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի եղավ, բայց երբ նրանք ամպի մեջ ընկան, վախեցան։ 35Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ ընտրյալ Որդին, լսե՛ք դրան»։ 36Եվ մինչ այդ ձայնը դեռ գալիս էր, Հիսուսը միայնակ մնաց. նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։
Լուսնոտ երեխայի բժշկումը
(Մտթ. 17.14-21, Մրկ. 9.14-29)
37Հաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմություն։ 38Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ 39Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։ 44Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։
Քրիստոսը կանխասում է իր չարչարանքը
(Մտթ. 17.22-23, Մրկ. 9.30-32)
Եվ մինչ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մեջ դուք պահե՛ք այս խոսքերը. որ Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։ 45Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Ճշմարիտ մեծությունը
(Մտթ. 18.1-5, Մրկ. 9.33-37)
46Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՛վ է մեծ։ 47Երբ Հիսուսն իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ 48և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
Ով մեզ դեմ չէ, մեզ հետ է
(Մրկ. 9.38-41)
49Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում»։ 50Հիսուսն ասաց նրանց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև, ով ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։
Վատ ընդունելություն Սամարիայի մի գյուղում
51Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ։ 52Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝ նրա համար պատրաստություն տեսնելու։ 53Բայց չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ 54Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»։ 55Դարձավ, սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք՝ ի՛նչ հոգուց եք դուք. 56որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։
Առաքելական կոչման պարտավորությունները
(Մտթ. 8.19-22)
57Եվ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. «Կգամ քո հետևից, ինչ տեղ էլ գնաս»։ 58Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։
59Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա ասաց. «Տե՛ր, հրամա՛ն տուր ինձ՝ նախ գնալ և թաղել իմ հորը»։ 60Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։
61Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թո՛ւյլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ 62Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։

Currently Selected:

ՂՈՒԿԱՍ 9: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in