ՂՈՒԿԱՍ 7
7
Հարյուրապետի հավատը
(Մտթ. 8.5-13)
1Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնաում։ 2Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ 3Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։ 4Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար»։ 6Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու. այլ՝ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի։ 8Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ “Գնա՛”, և գնում է, իսկ մյուսին՝ “Արի՛”, և գալիս է, և իմ ծառային՝ “Արա՛ այս բանը”, և նա անում է»։ 9Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։ 10Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային արդեն բժշկված գտան։
Այրի կնոջ որդու հարությունը
11Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին նաև իր աշակերտները և բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տերն այդ կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար», 14և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան մորը տվեց։ 16Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։ 17Եվ նրա մասին այս զրույցը տարածվեց ամբողջ Հրեաստանում և երկրի բոլոր կողմերում։
Հովհաննես Մկրտիչը
(Մտթ. 11.2-19)
18Հովհաննեսին այս բոլորի մասին պատմեցին նրա աշակերտները։ 19Հովհաննեսն իր աշակերտներից մի երկուսին իր մոտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ 20Այդ մարդիկ, գալով նրա մոտ, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ և ասում է. “Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք”»։ 21Եվ նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, ցավերի հարվածներից, չար ոգիներից և բազմաթիվ կույրերի տեսողություն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց և ասաց. «Գնացե՛ք, պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի»։
24Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։ 26Ապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարե՞։ Այո՛, ասում եմ ձեզ, առավել քան մարգարեն, 27որովհետև Հովհաննեսը նա է, որի մասին գրված է.
“Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,
որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի” (Մղք. 3.1)։
28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծ մարգարե, քան Հովհաննեսը. բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
29Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։ 30Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։
31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, և, իրոք, ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։ 33Եկավ Հովհաննես Մկրտիչը. չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք. “Նրա մեջ դև կա”։ 34Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”։ 35Եվ իմաստությունն արդարացվեց նրա որդիների կողմից»։
Մեղավոր կնոջ հավատը
36Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։ 37Քաղաքում մեղավոր մի կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով՝ 38կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։ 40Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եվ Հիսուսն ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն։ 42Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Հիմա ասա՛, ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպես է թվում, թե նա՛, որին ավելի շատը շնորհվեց»։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։ 45Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու յուղով գլուխս չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։ 48Եվ ասաց այդ կնոջը. «Քո մեղքերը ներված են քեզ»։ 49Եվ նրա սեղանակիցներն սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։ 50Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
Currently Selected:
ՂՈՒԿԱՍ 7: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն