YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 6

6
Շաբաթ օրով պոկված հասկեր
(Մտթ. 12.1-8, Մրկ. 2.23-28)
1Առաջին ամսվա երկրորդ շաբաթ օրը, երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում ափի մեջ և ուտում։ 2Եվ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։ 3Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց ինքը և նրա հետ եղողները. 4թե ինչպես նա մտավ Աստծու տունը, կերավ առաջավորության հացը և տվեց իր հետ եղողներին. մինչդեռ ոչ ոքի չէր թույլատրած ուտել այն, բացի քահանայապետներից»։ 5Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ուրեմն Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է»։
Չորացած ձեռքի բժշկումը
(Մտթ. 12.9-14, Մրկ. 3.1-6)
6Եվ մի ուրիշ շաբաթ օր նա մտավ ժողովարան և ուսուցանում էր։ Այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը գոսացած էր։ 7Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ 8Բայց նա գիտեր նրանց մտածումները, ուստի և գոսացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Նա վեր կացավ ու մեջտեղ եկավ։ 9Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։ 10Եվ շուրջը հավաքված բոլորի վրա զայրագին նայելով՝ ասաց մարդուն. «Ձեռքդ երկարի՛ր»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ մյուսի նման։ 11Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե ի՛նչ անեն Հիսուսին։
Տասներկուսի ընտրությունը
(Մտթ. 10.1-4, Մրկ. 3.13-19)
12Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ 13Եվ երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց. 14Սիմոնին, որին Պետրոս կոչեց, և Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին, Հովհաննեսին, 15Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, 16Հակոբի որդի Հուդային և Իսկարիովտացի Հուդային, որը և մատնիչ եղավ։
Բազմություններ Հիսուսի հետևից
(Մտթ. 4.23-25)
17Եվ նրանց հետ իջավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ և ամբողջ Հուդայից ու Երուսաղեմից և Տյուրոսից ու Սիդովնից շատ մեծ բազմություն 18եկել էր լսելու նրան և բժշկվելու իրենց հիվանդություններից։ Պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ 19Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։
Երանիներ և վայեր
(Մտթ. 5.1-12)
20Հիսուսը հայացքը հառեց իր աշակերտների վրա ու ասաց.
- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
21- Երանի՜ ձեզ, որ քաղցած եք այժմ, որովհետև պիտի հագենաք։
- Երանի՜ ձեզ, որ լալիս եք այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
22- Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 23Ուրախացե՛ք այդ օրը և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նույն ձևով էին վարվում մարգարեների հանդեպ։
24- Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն ստացել եք։
25- Վա՜յ ձեզ, որ այժմ կուշտ եք, որովհետև քաղցած պիտի մնաք։
- Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լացեք։
26- Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին այդպես էին անում։
Սեր թշնամիների հանդեպ
(Մտթ. 5.38-48, 7.12)
27«Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. 28օրհնե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթե՛ք։ 29Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։ 30Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր։ 31Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպե՛ս արեք և դուք նրանց։ 32Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ 33Եվ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում։ 34Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն։ 35Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։ 36Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ»։
Ուրիշներին դատելը
(Մտթ. 7.1-5)
37«Մի՛ դատեք, որ չդատվեք, մի՛ պատժեք, և չպիտի պատժվեք, ներե՛ք, և ներում պիտի գտնեք, 38տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։
39Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ 40Աշակերտն իր վարդապետից մեծ չէ. իսկ ով հասնի կատարելության, իր վարդապետի պես կլինի։
41Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։ 42Եվ կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. “Եղբա՛յր, թող քո աչքից այդ շյուղը հանեմ”, երբ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից գերանը և ապա լավ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»։
Ծառը պտղից է ճանաչվում
(Մտթ. 7.16-20, 12.33-35)
43«Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, 44որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։
Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։ 45Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։
Երկու տները
(Մտթ. 7.24-27)
46«Ինչո՞ւ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ասածս չեք անում։ 47Ամեն մարդ, որ ինձ մոտ է գալիս և լսում իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ո՛ւմ է նման։ 48Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. հեղեղի բարձրանալու ժամանակ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև հիմքը լավ էր գցված։ 49Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։

Currently Selected:

ՂՈՒԿԱՍ 6: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in