YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 11

11
Հիսուսը սովորեցնում է աղոթել
(Մտթ. 6.5-13, 7.7-11)
1Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ 2Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք.
Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը.
քո արքայությունը թող գա։
3Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։
4Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու,
որ հանցանք է գործում մեր դեմ,
և մի՛ տար մեզ փորձության»։
5Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, 6որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”։ 7Իսկ նա ներսից պատասխանի և ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ”։ 8Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։
9Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, 10որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։ 11Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան. 12և կամ ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան։ 13Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մտթ. 12.22-30, Մրկ. 3.22-27)
14Եվ Հիսուսը բժշկեց մի համրի, որի մեջ դև կար, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ։ 15Եվ նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ 16Իսկ ուրիշները փորձում էին նրան և երկնքից նշան էին ուզում նրանից։ 17Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, նույնպես և ամեն ընտանիք, որի անդամները կռվում են միմյանց հետ։ 18Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ. որովհետև իմ մասին ասում եք. “Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով”։ 19Եթե ես դևերին հանում եմ Բեեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչո՞վ են հանում. դա ցույց է տալիս, որ դուք սխալ եք։ 20Իսկ եթե Աստծու ուժով եմ հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 21Երբ հզոր մի մարդ լավ զինվի՝ պահպանելու իր տունը, նրա ինչքն ապահով կլինի։ 22Բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։ 23Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։
Պիղծ ոգու վերադարձը
(Մտթ. 12.43-45)
24«Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է՝ “Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա”։ 25Եվ գալիս է ու գտնում այն մաքրված և կարգի բերված։ 26Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»։
Ճշմարիտ երանությունը
27Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ»։ 28Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մտթ. 12.38-42)
29Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից. 30որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես Մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար։ 31Հարավի դշխոն դատաստանի ժամանակ հարություն պիտի առնի այս սերնդի մարդկանց հետ և պիտի դատի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Բայց ահա Սողոմոնից մեծը կա այստեղ։ 32Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն պիտի առնեն այս սերնդի հետ և պիտի դատեն նրան, որովհետև Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին։ Բայց ահա Հովնանից մեծը կա այստեղ»։
Մարմնի լույսը
(Մտթ. 5.15, 6.22-23)
33«Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը կարողանա տեսնել։ 34Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքն առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։ 35Արդ, զգո՛ւյշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ 36Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ»։
Փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների դատապարտումը
(Մտթ. 23.1-36, Մրկ. 12.38-40)
37Եվ մինչ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։ 38Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուսը ճաշից առաջ չլվացվեց ըստ կրոնական օրենքի։ 39Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։ 40Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց։ 41Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։
42Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը. այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։ 43Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում, իսկ հրապարակներում՝ առաջին ողջույններն ստանալ։ 44Վա՜յ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք. մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն»։ 45Օրենքի ուսուցիչներից մեկը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։ 46Եվ նա ասաց. «Վա՜յ ձեզ ևս, Օրենքի ուսուցիչնե՛ր, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։ 47Վա՜յ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, մինչդեռ ձեր հայրերը նրանց սպանեցին։ 48Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։ 49Դրա համար Աստծու իմաստությունն ասաց. “Նրանց մեջ մարգարեներ և առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն և հալածեն”, 50որպեսզի այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների՝ թափված աշխարհի սկզբից՝ 51Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց զոհասեղանի և տաճարի միջև. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։ 52Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։
53Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան. և դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։ 54Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։

Currently Selected:

ՂՈՒԿԱՍ 11: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in