ՂՈՒԿԱՍ 12
12
Նախազգուշացում կեղծավորության դեմ
(Մտթ. 10.26-31)
1Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, 2որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, 3որովհետև ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ գաղտնի փսփսաք, հայտնի կդառնա։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, 5այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Նրանից, ով ձեր մահից հետո ձեզ գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ 6Հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառվում, սակայն նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ 7Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են. մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի արժեք, քան ճնճղուկները»։
Դավանել Հիսուսին
(Մտթ. 10.32-33, 12.32, 10.19-20)
8«Ասում եմ ձեզ, ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նույնը կանի նրանց վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի։ 10Ով Մարդու Որդու դեմ վիրավորական բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներվի։ 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պատասխան պիտի տաք և կամ ի՛նչ պիտի ասեք, 12որովհետև Սուրբ Հոգին նույն ժամին կհուշի ձեզ, թե ի՛նչ պետք է խոսել»։
Անմիտ մեծահարուստը
13Ժողովրդի միջից մեկն ասաց նրան. «Վարդապե՛տ, ասա՛ եղբորս, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ 14Եվ նա ասաց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրա»։ 15Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։ 16Եվ նրանց մի առակ պատմեց՝ ասելով. «Մի մեծահարուստի արտերն առատ բերք տվեցին. 17և նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՛նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ 18Գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները։ 19Եվ ինքս ինձ կասեմ՝ “Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր”։ 20Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։ 21Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։
Հոգս և անձկություն
(Մտթ. 6.25-34)
22Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու, 23որովհետև ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։ 24Նայե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են և ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն և ո՛չ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց. որքա՜ն առավել ձեզ հոգ կտանի, որ շատ ավելի արժեք, քան թռչունները։ 25Ձեզնից ո՞վ անգամ ամեն միջոց գործի դնելով կկարողանա իր կյանքը մի քիչ երկարացնել։ 26Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչո՞ւ եք հոգս անում։ 27Նայե՛ք շուշանին՝ ինչպե՛ս է աճում. ո՛չ աշխատում է և ո՛չ հյուսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։ 28Եթե Աստված այդպե՛ս է հագցնում խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է և վաղը հնոց է նետվելու, որչա՜փ առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր։ 29Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, 30որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ 31Այլ Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ»։
Փոքրիկ հոտը
(Մտթ. 6.19-21)
32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց տալ ձեզ արքայությունը։ 33Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում. 34որովհետև, որտեղ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։
Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին
35«Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված։ 36Եվ դուք նմանվե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե ե՛րբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։ 38Երանի՜ նրանց, որոնց տերը, գալով կեսգիշերին կամ ավելի ուշ, նրանց արթուն կգտնի։ 39Բայց այն էլ իմացե՛ք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը ո՛ր ժամին կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ 40Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին»։
Հավատարիմ տնտեսը
(Մտթ. 24.45-51)
41Պետրոսն ասաց. «Տե՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թե՞ բոլորի համար»։ 42Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տերը, երբ գա, այդպես արած կգտնի։ 44Արդարև, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի։ 45Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, 46այդ ծառայի տերը կգա չսպասված օրը և չիմացած ժամին. նրան շատ խիստ կպատժի և կգցի այն վայրը, որտեղ պատժվում են անհավատները։ 47Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։ 48Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։
Հուր և բաժանում
(Մտթ. 10.34-36)
49«Երկրի վրա կրակ գցելու եկա. և ինչքա՜ն լավ կլիներ, որ արդեն իսկ բորբոքված լիներ։ 50Սակայն մի փորձություն ունեմ անցնելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ 51Կարծում եք, թե եկա երկրին խաղաղությո՞ւն բերելու. ասում եմ ձեզ, իմ գալը բաժանում պիտի բերի։ 52Որովհետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն. երեքը՝ երկուսի դեմ, և երկուսը՝ երեքի։
53 Հայրը պիտի հակառակվի որդուն,
և որդին՝ Հորը,
մայրը՝ աղջկան, և աղջիկը՝ մորը,
սկեսուրը՝ հարսին, և հարսը՝ իր սկեսրոջը (հմմտ. Միք. 7.6)»։
Կանխատեսել ժամանակների նշանները
(Մտթ. 16.2-3)
54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է ելնում, ասում եք, թե՝ անձրև կգա։ Եվ այդպես էլ լինում է։ 55Եվ երբ հարավի քամին է փչում, ասում եք, թե՝ խորշակ կլինի։ Եվ այդպես էլ լինում է։ 56Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։ 57Ինչո՞ւ դուք անձնապես արժանին չեք ընտրում։ 58Երբ օրինակի համար քո թշնամու հետ գնաս դատավորի մոտ, ճանապարհին, մինչ ժամանակ կա, հաշտվի՛ր նրա հետ, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, իսկ բանտապահն էլ՝ բանտ նետի։ 59Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես»։
Currently Selected:
ՂՈՒԿԱՍ 12: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն