YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 10

10
Յոթանասուներկու աշակերտների առաքելությունը
1Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ 2Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրե՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ 3Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ։ 4Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի՛ բռնվեք։ 5Որ տունը մտնեք, նախ ասե՛ք. “Խաղաղությո՜ւն այս տանը”. 6եթե այնտեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. ապա թե ոչ՝ ձեզ կվերադառնա։ 7Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։ 8Ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ 9Եվ բժշկե՛ք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասե՛ք. “Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ”։ 10Իսկ ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ չընդունեն, դո՛ւրս եկեք նրա հրապարակները և ասե՛ք. 11“Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա. բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու արքայությունը”։ 12Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար դատաստանի օրն ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։
Վայեր չապաշխարող քաղաքներին
(Մտթ. 11.20-24)
13«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։ 14Բայց Տյուրոսի և Սիդովնի համար դատաստանի ժամանակ ավելի տանելի կլինի, քան ձեզ համար։ 15Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։ 16Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։
Յոթանասուներկու աշակերտների վերադարձը
17Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»։ 18Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը։ 19Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։ 20Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։
Հիսուսի բերկրանքը
(Մտթ. 11.25-27, 13.16-17)
21Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ 22Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և թե՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց և նա, ում կկամենա Որդին հայտնել»։
23Եվ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք եք տեսնում։ 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։
Ամենամեծ պատվիրանը
(Մտթ. 22.34-40, Մրկ. 12.28-34)
25Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 26Եվ նա ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։ 27Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5). և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)»։ 28Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»։
Բարի սամարացին
29Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր. նրան տեսավ և թողեց անցավ։ 32Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ 34Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ 35Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել»։ 37Եվ նա ասաց. «Նա, ով բարիք արեց նրան»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա»։
Այց Մարթային և Մարիամին
38Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուսը մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ 39Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ 40Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաներով ես զբաղվում և մտահոգվում, 42բայց մի կարևոր բան է պետք. Մարիամն ընտրել է լավագույն մասը, որը նրանից չի վերցվի»։

Currently Selected:

ՂՈՒԿԱՍ 10: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in