YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 13

13
Երկու գազանները
1Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։ 2Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր. նրա ոտքերը արջի ոտքերի նման էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։ 3Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։ 4Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին՝ գազանին ասելով. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կարող է նրա դեմ պատերազմել»։
5Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։ 6Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին։ 7Եվ նրան իշխանություն տրվեց սրբերի դեմ պատերազմելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների և ազգերի վրա։ 8Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։
9Ով ականջ ունի, թող լսի.
10Եթե մեկը գերեվարի,
գերության պիտի քշվի,
եթե մեկը սրով սպանի,
սրով պիտի սպանվի։
Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։
11Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ 12Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։ 13Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։ 14Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց։ 15Նրան իշխանություն տրվեց գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի և գործի, իսկ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։ 16Եվ բոլորի՝ փոքրերի ու մեծամեծների, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ էր դնում, 17որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի։ 18Այստեղ է իմաստությունը։ Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in