YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 14

14
Գառը և իր ժողովուրդը
1Տեսա՝ ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ՝ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա Հոր անունը։ 2Եվ երկնքից ձայն լսեցի՝ նման ջրերի ուժեղ ձայնի և հուժկու որոտի ձայնի, լսեցի նաև ձայն՝ նման քնարահարների, երբ իրենց քնարներն էին նվագում։ 3Եվ մի նոր երգ էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ ու երեցների առաջ, և ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի հարյուր քառասունչորս հազարից, որոնք երկրից գնվեցին#14.3, 14.4 Այսինքն՝ «փրկվեցին»։։ 4Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք գնում են Գառի հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք գնվեցին մարդկանցից՝ Աստծուն և Գառին իբրև երախայրի։ 5Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անարատ են։
Երեք հրեշտակները
6Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ 7Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։
8 Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։
9Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, 10նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ 11Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը»։ 12Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։
13Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։
Ազգերի հունձը և այգեկութը
14Տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր Մարդու Որդուն նման մեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ։
15Եվ տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. «Քո գերանդին ուղարկի՛ր ու հնձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»։ 16Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց, ու երկիրը հնձվեց։
17Մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից. սա ևս սուր գերանդի ուներ։ 18Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։ 19Եվ հրեշտակն իր գերանդին երկրի վրա դրեց, երկրի այգու խաղողը քաղեց և դրեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ 20Եվ հնձանը քաղաքից դուրս կոխոտվեց, և արյունը հնձանից հոսեց, մինչև ձիերի սանձերը՝ մոտ հազար վեց հարյուր ասպարեզ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in