Հայտնություն 10
10
Հրեշտակը և գրքույկը
1Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակի՝ երկնքից իջնելիս, ամպով պարուրված ու գլխին ծիածան։ Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ հրե սյուների։ 2Նա իր ձեռքին մի բացված գրքույկ ուներ։ Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի։ 3Եվ բարձրաձայն աղաղակեց, ինչպես առյուծն է մռնչում։ Երբ աղաղակեց, յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին։ 4Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր»։ 5Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց 6և երդվեց նրանով, որ հավիտյանս հավիտենից Կենդանի է, որն ստեղծեց երկինքը ու այն, ինչ նրանում է, և երկիրը ու այն, ինչ նրանում է, և ծովը ու այն, ինչ նրանում է, որ այլևս ժամանակ չի լինելու։ 7Իսկ այն օրերին, երբ յոթերորդ հրեշտակը փողը հնչեցնի, պիտի կատարվի Աստծու խորհուրդը, ինչպես իր ծառա մարգարեներին ավետեց։
8Եվ ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց. «Գնա վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։ 9Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։ 10Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։ 11Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։
Currently Selected:
Հայտնություն 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018