Հայտնություն 11
11
Երկու վկաները
1Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց՝ ասելով. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարը, զոհասեղանն ու նրա մեջ գտնվող երկրպագողներին։ 2Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, դո՛ւրս թող ու մի՛ չափիր, որովհետև այն հեթանոսներին է տրվել, որոնք սուրբ քաղաքը քառասուներկու ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն։ 3Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։ 4Սրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջ#11.4 Ոմանք ունեն Աստծու։ առաջ կանգնած են։ 5Եթե մեկը կամենա նրանց վնասել, նրանց բերանից կրակ կելնի ու նրանց թշնամիներին կլափի։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, այսպես պիտի սպանվի։ 6Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսի նրանց մարգարեանալու օրերին անձրև չգա, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյան վերածելու և երկիրը բոլոր պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։ 7Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։ 8Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։ 9Եվ ժողովուրդներից ու ցեղերից, լեզուներից ու ազգերից երեքուկես օր կտեսնեն նրանց դիակները և թույլ չեն տա, որ նրանց գերեզման դնեն։ 10Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու նրանց վրա կցնծան, միմյանց ընծաներ կուղարկեն, որովհետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին չարչարեցին»։
11Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենաց հոգի մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ։ 12Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցին, որ նրանց ասում էր. «Այստե՛ղ բարձրացեք»։ Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները նայում էին նրանց։ 13Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց։ Եվ երկրաշարժից յոթ հազար մարդ մեռավ, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին։
14Երկրորդ վայն անցավ, և շուտով երրորդ վայն է գալու։
Յոթերորդ փողը
15Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին.
«Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն
ու նրա Օծյալինը դարձավ,
և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։
16Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով.
17«Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ,
որ էիր և ես,
որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։
18Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը,
ու ժամանակը՝ մեռելներին դատելու
և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին,
սրբերին ու քո անունից վախեցողներին,
փոքրերին ու մեծերին,
և կործանելու երկիրն ապականողներին»։
19Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։
Currently Selected:
Հայտնություն 11: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018