YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 9

9
Անդամալույծի բժշկումը
(Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26)
1Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։ 2Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ 3Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։ 4Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։ 5Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ "Քո մեղքերը ներված են", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ 6Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. "Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա"»։ 7Նա վեր կացավ և իր տուն գնաց։ 8Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։
Մատթեոսի կոչումը
(Մրկ. 2.13-17, Ղուկ. 5.27-32)
9Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ 10Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ 11Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ 12Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ 13Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6). որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։
Վեճ ծոմապահության շուրջ
(Մրկ. 2.18-22, Ղուկ. 5.33-39)
14Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ 15Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։ 16Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, որովհետև այն ամբողջությամբ հագուստից կքաշի, և է՛լ ավելի վատ պատռվածք կառաջանա։ 17Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Հայրոսի աղջկա հարությունը
(Մրկ. 5.21-43, Ղուկ. 8.40-56)
18Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. «Աղջիկս հենց նոր մահացավ. բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»։ 19Հիսուսը վեր կացավ, նրա հետևից գնաց, և նրա աշակերտները ևս։ 20Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, 21որովհետև իր մտքում ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ»։ 22Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։ 23Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, 24նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին նրան։ 25Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ 26Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։
Կույրերի և համրի բժշկումը
27Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»։ 28Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ 29Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։ 30Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։ 31Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։
32Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ 33Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։ 34Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։
35Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ 36Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ 37Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ 38Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։

Currently Selected:

Մատթեոս 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy