YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 6

6
Ողորմության մասին
1«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։
2Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։ 3Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում, 4որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։
Աղոթքի մասին
(Ղուկ. 11.2-4)
5Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ 6Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ 7Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ 8Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։
9Արդ, դուք այսպե՛ս աղոթեք.
Տերունական աղոթք
"Հա՛յր մեր, որ երկնքում ես,
սուրբ լինի քո անունը.
10քո արքայությունը գա,
քո կամքը լինի
ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։
11Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։
12Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը,
ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։
13Եվ մի՛ տար մեզ փորձության,
այլ ազատի՛ր մեզ չարից"։
14Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։
Ծոմապահության մասին
16Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ 17Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, 18որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։
Ճշմարիտ գանձը
(Ղուկ. 12.33-34, 11.34-36)
19Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ 20Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. 21որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ 22Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ 23Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի։
Աստված և մամոնա
(Ղուկ. 16.13)
24Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային#6.24 «Դրամ, փող, հարստություն»։։
Ապավինում նախախնամությանը
(Ղուկ. 12.22-31)
25Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ 26Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ 27Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։ 28Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։ 29Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ 30Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ 31Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, 32որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ 33Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ 34Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։

Currently Selected:

Մատթեոս 6: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in