YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 5

5
Լեռան քարոզը
1Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ 2Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում.
Երանիներ
(Ղուկ. 6.20-23)
3«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
4Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։
5Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։
6Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։
7Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։
8Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։
9Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։
10Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։
11Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ 12Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։
Երկրի աղը և աշխարհի լույսը
(Մրկ. 9.49-50, Ղուկ. 14.34-35)
13Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ 14Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի#5.15 Գրվանը 13 լիտր տարողությամբ չափի աման է։ տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ 16Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
Օրենքի ճշմարիտ ուսուցումը
17Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ 19Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։
21Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" (Ելք 20.13, Բ Օր. 5.17). իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ 23Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, 24թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ 25Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման#5.26 Կամնաքարակիտ։ չվճարես։
27Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ 28Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ 29Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ 30Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։
31Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։ 32Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։
33Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Սուտ մի՛ երդվիր, բայց կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը" (Ղևտ. 19.12)։ 34Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, 35ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։ 36Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ 37Ձեր խոսքը թող լինի "այո"-ն "այո", և "ոչ"-ը՝ "ոչ". սրանից ավելին չարից է։
Սեր թշնամիների հանդեպ
(Ղուկ. 6.27-36)
38Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ" (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։ 39Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ 40Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ 41Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ 42Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։
43Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Պիտի սիրես ընկերոջդ (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես թշնամուդ"։ 44Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, 45որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ 46Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ 48Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Currently Selected:

Մատթեոս 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in