YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 16

16
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մրկ. 8.10-13)
1Հիսուսի մոտ եկան փարիսեցիներն ու սադուկեցիները և նրան փորձելու համար խնդրում էին, որ իրենց երկնային մի նշան ցույց տա։ 2Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. "Լավ եղանակ կլինի, որովհետև երկինքը շառագունել է"։ 3Իսկ առավոտյան ասում եք. "Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է"։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։ 4Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ թողեց նրանց ու հեռացավ։
Փարիսեցիների և սադուկեցիների խմորը
(Մրկ. 8.14-21)
5Երբ աշակերտները լճի մյուս ափը գնացին, մոռացան հաց վերցնել։ 6Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ 7Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»։ 8Հիսուսը հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։ 9Դեռ չե՞ք հասկացել կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք, 10ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք։ 11Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք»։ 12Այն ժամանակ հասկացան, որ հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների աղանդից զգուշանալու։
Ո՞վ է Հիսուսը
(Մրկ. 8.27-30, Ղուկ. 9.18-21)
13Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։ 14Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։ 16Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ 17Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ 18Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս#16.18 Այսինքն՝ «քար, վեմ»։ ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ 19Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ 20Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։
Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 8.31-33, Ղուկ. 9.22-27)
21Դրանից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։ 22Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։ 23Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։
Հիսուսին հետևելու պայմաններ
(Մրկ. 8.34-38, Ղուկ. 9.23-27)
24Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ 25Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ 26Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։ 27Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև Մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս չտեսնեն»։

Currently Selected:

Մատթեոս 16: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy