YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 15

15
Վեճ նախնիների ավանդույթի շուրջ
(Մրկ. 7.1-13)
1Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները և ասացին. 2«Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։ 3Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։ 4Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։ 5Իսկ դուք ասում եք. "Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”, 6և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել"։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծու պատվիրանը։ 7Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով.
8 "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,
իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։
9 Զուր են ինձ պաշտում,
երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ" (Ես. 29.13)»։
Մաքուրը և անմաքուրը
(Մրկ. 7.14-23)
10Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք ու հասկացե՛ք. 11մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։ 12Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ 13Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ 14Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ 15Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ 16Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։ 17Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։ 18Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ 19Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ 20Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
Քանանացի կնոջ հավատը
(Մրկ. 7.24-30)
21Հիսուսն այնտեղից դուրս ելավ և Տյուրոսի ու Սիդովնի կողմերը գնաց։ 22Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ 23Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան՝ ասելով. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ 24Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ 25Իսկ կինը եկել և նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ 27Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ 28Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։
29Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ 30Եվ նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ. նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի։ Նրանց Հիսուսի ոտքերի առջև դրեցին, և նա բժշկեց նրանց, 31այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։
Հացի երկրորդ բազմացումը
(Մրկ. 8.1-10)
32Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։ 34Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»։ 35Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։ 36Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ 37Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։ 38Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։
39Հիսուսը բազմությանն արձակելուց հետո նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ։

Currently Selected:

Մատթեոս 15: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in