YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 13

13
Սերմնացանի առակը
(Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10)
1Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ 2Նրա շուրջը ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։ 3Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով. 4«Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ 5Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ 6Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ 7Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ 8Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
10Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։ 11Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ 12Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ 13Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում։ 14Եվ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է.
"Շարունակ կլսեք ու չեք հասկանա,
անդադար կնայեք ու չեք տեսնի։
15 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ,
և իրենց ականջներով ծանր լսեցին
և իրենց աչքերը փակեցին,
որ երբեք աչքերով չտեսնեն
և ականջներով չլսեն
և սրտով չիմանան ու դարձի չգան,
և նրանց չբժշկեմ" (Ես. 6.9-10)։
16Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։ 17Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։
Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը
(Մրկ. 4.10-20, Ղուկ. 8.11-15)
18Արդ դուք լսե՛ք սերմնացանի առակը։ 19Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։ 20Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, 21բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։ 22Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։ 23Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ»։
Որոմների առակը
24Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ 25Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ 26Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է"։ 28Իսկ նա ասաց նրանց. "Թշնամի մարդն է դա արել"։ Ծառաները նրան ասացին. "Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք"։ 29Նա ասաց. "Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ 30Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։
Մանանեխի հատիկի և թթխմորի առակը
(Մրկ. 4.30-34, Ղուկ. 13.18-21)
31Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ 32Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։
33Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։
34Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, 35որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.
«Առակներով կբացեմ իմ բերանը,
կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները» (Սաղ. 78.2)։
Հիսուսը մեկնում է որոմների առակը
36Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։ 37Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է, 38իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ 39Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ 40Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ 41Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին 42և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ 43Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։
Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը
44Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։
45Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում 46և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։
47Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում, 48և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ 49Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն 50ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։
51Հիսուսը նրանց ասաց. «Այդ բոլորը հասկացա՞ք»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ 52Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։
Հիսուսը մերժվում է հայրենի քաղաքում
(Մրկ. 6.1-6, Ղուկ. 4.16-30)
53Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, այդտեղից հեռացավ։ 54Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ 55Սա հյուսնի որդին չէ՞, սրա մայրը Մարիամ չի՞ կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա։ 56Սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն։ Որտեղի՞ց սրան այս ամենը»։ 57Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։ 58Եվ Հիսուսը նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։

Currently Selected:

Մատթեոս 13: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in